ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

«Մեր հանրությունը պատրաստ է ընդվզելու ծաղկավոր խալաթների դեմ»

«Մեր հանրությունը պատրաստ է ընդվզելու ծաղկավոր խալաթների դեմ»
04.09.2013 | 17:42

Գրող, սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը ևս մասնակցում էր ՀՀ նախագահի նստավայրի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիային, որն ուղղված էր Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու մասին Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարությանը:

Վերջերս նա կայքերից մեկում հանդես էր եկել հրապարակմամբ, որում նշել էր, որ աշնան նախավերջին օրը, որը նաև սովետական կարգերի հաստատման օրն է, մենք աստիճանաբար կձերբազատվենք Սովետից: Եվ դա նա հիմնավորել էր այն փաստով, որ այդ օրը նախաստորագրվելու է ԵՄ-Հայաստան ասոցացման համաձայնագիրը:
«Սպասու՞մ էր այսօրինակ զարգացումներ»,- հարցրինք Վահրամ Մարտիրոսյանին:
«Ես կանխատեսում չէի արել, այլ հիմնվել էի պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկատվության վրա: Հայտարարություններ են եղել վարչապետի, փոխարտգործնախարարի մակարդակներով, ինքը՝ Սերժ Սարգսյանն է թափանցիկ ակնարկներ արել, որ նախաստորագրվելու է ԵՄ ասոցացման համաձայնագիրը: Ես հիմնվում էի առաջին հերթին այդ աղբյուրների վրա: Երկրորդը՝ ընդդիմադիր դաշտի մի հատվածի, ովքեր կողմ էին ԵՄ ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը, համարում էին իշխանամետ, իշխանության պատվերը կատարող: Այսինքն՝ պատկերն այնպիսին էր, որ հիմքեր կան, որ Հայաստանը նախաստորագրելու է ԵՄ ասոցացման համաձայնագիրը: Բայց ես իմ հոդվածում նշել էի նաև, որ, եթե չնախաստորագրվի ԵՄ ասոցացման համաձայնագիրը, այդ օրը կդառնա իշխանափոխության առաջին օրը»,-հետահայաց իր հոդվածին անդրադառնալով՝ նշեց Վահրամ Մարտիրոսյանը:
Մեր զրուցակիցը նշեց, որ իր համար քիչ նշանակություն ունի, թե քանի հոգի են մասնակցում այսօր բողոքի ակցիային, քանի որ մեկնարկել է իշխանափոխության գործընթացը:
Վահրամ Մարտիրոսյանի ուշադրությունը հրավիրեցինք այն փաստի վրա, որ Հայաստանում փոքր թիվ չեն կազմում այն կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները, որոնք առաջնորդվում են ոչ թե Հայաստանի, այլ՝ ՌԴ-ի շահերով և կողմ եմ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը:
«Եթե այդպես է, ինչու՞, երբ ԱՄՆ-ն որոշում կայացրեց Սիրիան ռմբակոծելու մասին, այդ ժամանակ Ձեր նշած քաղաքական ուժերը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան առաջ ցույց չկազմակերպեցին: Եթե իրենք այդ քայլը չարեցին, ուրեմն մորթապաշտներ են, որոնք ընդամենը մի տաքուկ անկյուն են գտել: Վաղը եթե նրանք տաքուկ անկյուն գտնեն Եվրոպայում, կգնան, այնտեղ կծվարեն»,- մեր դիտարկմանն այսպես արձագանքեց Վահրամ Մարտիրոսյանը:
Նա հիշեցրեց, թե ինչպես շուրջ մեկուկես ամիս առաջ մեր հանրությունը ընդվզեց, երբ տեղեկացավ, որ ՌԴ-ում մեր հայրենակից ամբաստանյալին հագցրել են ծաղկավոր խալաթ:
«Իսկ մենք այսօր տեսնում ենք, թե ինչպես Մոսկվայում ծաղկավոր խալաթ հագցրեցին մեր իշխանությանը: Եվ սա այն դեպքը չէ, որ ծաղկավոր խալաթն իրենք ինքնակամ են հագել: Եվ մենք պետք է պայքարենք ու ազատվենք այդ իշխանությունից»,- ասաց մեր զրուցակիցը:


Թագուհի Հակոբյան

Դիտվել է՝ 1854

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ